ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր հատուկ վերանայման բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ 3–րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությունը մերժել էր Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Տիգրան Դավթյանի գլխավորությամբ։
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին ՀՀ ԱԺ–ում գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների հիման վրա Սեյրան Օհանյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից։
Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, նրան խոշոր չափի վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է ներկայացվել:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԱԺ-ում ներկայացնելով Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքը, հայտնել էր, որ 2022 թվականի նոյեմբերի 15-ին ԱԱԾ քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարը 2005-ի հուլիսի 11-ի որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով ՊՆ–ին է տրամադրել Արմաշ համայնքի Երևանյան խճուղի 24/1 հասցեում գտնվող 1.2 հա և Երևանյան խճուղի 1/4Գ 0.9 հա հատուկ նշանակության հողերը։
Ըստ դատախազի` այդ հողամասերից մեկը ձեռք էր բերել Գրիգորի Խաչատուրովը։ Վարդապետյանի խոսքով` Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող հողամասն ու շինությունները, որոնք 4 մլն դրամով վաճառվել են Գրիգորի Խաչատուրովին, վերջինս 18 մլն դրամով է գրավ դրել։