Ե՞րբ կգործարկվի Փոթի-Կովկաս լաստանավը. ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանը

Փոթի
Լաստանավային հաղորդակցությունը ենթադրում է Հայաստանից երկաթուղային ճանապարհով կամ բեռնատարներով բեռների տեղափոխում դեպի Փոթի, այնտեղից էլ լաստանավերով` դեպի ռուսական Կովկաս նավահանգիստ և ՌԴ այլ քաղաքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում դեռ չգիտեն, թե երբ կգործարկվի Փոթի - Կովկաս լաստանավային հաղորդակցությունը: Նախարարությունից Sputnik Արմենիային հայտնում են, որ լաստանավի գործարկման ժամկետների ձգձգումը մեծապես պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցներով։
«Փոթի նավահանգստի օպերատորը եվրոպական ընկերության մասնաճյուղ է, (նավահանգիստը ղեկավարում է «APM Terminals Poti» ընկերությունը, որը աշխարհի խոշորագույն «APM Terminals» նավահանգստային օպերատորի դուստրն է, որի կենտրոնակայանը գտնվում է Հաագայում (Նիդեռլանդներ). խմբ.), վերջինիս կողմից հիշյալ նավահանգիստ ռուսական նավերի մուտքը չի թույլատրվում» - ասված է գերատեսչության գրավոր պատասխանում։
Էկոնոմիկայի նախարարությունից վստահեցնում են, որ հայկական կողմն անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում առաջացած բարդությունները հաղթահարելու և Հայաստանի տարածքից արտահանման և (կամ) Հայաստանի տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով (լաստանավերով) տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը հնարավորինս արագ գործարկելու համար։
Ըստ գերատեսչության` միջոցառման գործարկումը հնարավորություն կտա ՀՀ բեռնափոխադրող ընկերությունների համար բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքներն առավել հասանելի դարձնել և նվազեցնել խոչընդոտները, խթանել միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, էականորեն մեծացնել բեռնափոխադրումների ծավալները։
Հիշեցնենք, որ վրացական Փոթի և ռուսական Կովկաս նավահանգիստների միջև լաստանավային կանոնավոր հաղորդակցություն պետք է գործարկվեր հունիսի 15-ից։ Սակայն դա տեղի չունեցավ քաղաքական պատճառներով։ Փոթի նավահանգիստը կառավարվում է հոլանդական «APM Terminals»–ի դուստր ձեռնարկությունը, որը պետք է թույլտվություն ստանա գլխամասային ընկերությունից լաստանավային հաղորդակցությանը կանաչ լույս տալու համար։
Հայաստանը վաղուց է որպես Վերին Լարսի այլընտրանք դիտարկում բեռնափոխադրումների մուլտիմոդալ տարբերակը։ Ենթադրվում է, որ բեռները Հայաստանից երկաթուղային ճանապարհով կամ բեռնատարներով կհասցվեն Փոթի, այնտեղից էլ լաստանավով` մինչև ՌԴ-ի Կովկաս նավահանգիստ և ՌԴ այլ քաղաքներ։
Լաստանավային փոխադրումից կկարողանան օգտվել միրգ–բանջարեղեն արտահանողները։ Լաստանավի տարողունակությունը 50 բեռնատար է և 40 վագոն։ Ընդ որում` ՀՀ կառավարությունն առաջին 6 ամիսներին գործարարների համար ամբողջությամբ սուբսիդավորելու է լաստանավային ծախսերը։
Ինչո՞ւ է ձգձգվում Փոթի-Կովկաս լաստանավի գործարկումը. էկոնոմիկայի նախարարության պատասխանը