Արտերկրում բարեխիղճ աշխատանքի համար հայ փրկարարները պարգևատրվել են մեդալներով

Պարգևները նրանց հանձնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով մի շարք փրկարաններ պարգևատրվել են մեդալներով և հուշանվերներով։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Պարգևները նրանց հանձնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։
«Փրկարարները պարգևատրվել են երաշարժի հետևանքով տուժած երկրներում արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքների նվազեցման, վերացման և որոնողափրկարարական լայնածավալ աշխատանքներին աջակցելու ընթացքում պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար»,– ասված է հաղորդագրությունում։
Փրկարար ծառայության տնօրենը ՆԳ նախարարի և անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել փրկարարներին, իրենց դրսևորած մասնագիտական բարձր պատրաստակամության և մարդկային որակների համար` շեշտելով, որ յուրաքանչյուր լավ աշխատանք միշտ արժանի գնահատական է ստանալու:
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Որոնողափրկարարական թիմերը Հայաստանից Թուրքիա և Սիրիա են մեկնել փետրվարի 8-ին։
Հայկական քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմերն աղետի գոտում փլատակներից դուրս են բերել 20 մարմին։
Հալեպում հայ փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներին զուգահեռ, տեղի հայ համայնքի համար կազմակերպել և անցկացրել են ուսուցողական դաս «Ինչպես գործել երկրաշարժի դեպքում» թեմայով։
Նշենք, որ հայ փրկարարնեը Սիրիայից Հայաստան են վերադարձել փետրվարի 14-ին` օդանավով, իսկ փետրվարի 17-ին` Թուրքիայից` ցամաքային ճանապարհով։