ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Արևմուտքը Ուկրաինային տալիս է 160 միլիարդ դոլար, ամենավերջին ժամանակակից զինտեխնոլոգիան` ինքնաթիռներ, տանկեր, դրոններ և այլն, Հայաստանին տալիս է «գեղեցիկ ժանդարմներ» (ԵՄ դիտորդներ - խմբ.)։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։
Քաղաքագետը Արևմուտքի կողմից Կիևին հսկայածավալ զենքերի մատակարարման փաստից ենթադրում է, որ առաջիկայում` մի քանի շաբաթ կամ ամիս հետո, տեղի կունենա մեծ ռազմական էսկալացիա, ինչը կարող է հանգեցնել միջուկային պատերազմի։
«Խոսվում է Ղրիմի վրա հրթիռային հարձակման մասին։ Մեծ Բրիտանիայի ղեկավարությունն ասել է, որ դրա համար պատրաստ է մեծ հեռահարության հրթիռներ տրամադրել։ Այսինքն` Արևմուտքը հիմա դրդում է Ուկրաինային հարձակվել Ղրիմի վրա, իսկ Ռուսաստանը ի պատասխան կկիրառի միջուկային զենք։ Եթե անգամ լինեն փոքր ծավալի միջուկային հարվածներ, կլինի այն, ինչ եղավ Չեռնոբիլի ատոմակայանի պայթյունի դեպքում»,–ասել է քաղաքագետը։
Ինչ վերաբերում է հայ–ադրբեջանական բանակցություններին և Արևմտյան և ռուսական առաջարկվող տարբերակներին, Խաչիկյանն ընդգծեց, որ հեռանալով ռուսական տարբերակից և մոտենալով արևմտյան տարբերակին՝ իշխանությունները որոշ չափով հեռանում են 2020 թվականի նոյեմբերի 9–ի պայմանագրից։
«Որքանով մենք հեռանում ենք ՌԴ–ից, այնքանով մեր պայմանագրի ուժը թուլացնում ենք։ Այսինքն` կարող է ինչ–որ նոր պայմանավորվածություն լինել, ըստ որի տեղադրվեն ինչ-որ անցակետեր, մաքսակետեր. պաշտոնապես դառնա (Լաչինը) Ադրբեջանի տարածք, ոչ թե միջանցք»,–ասաց նա։
Քաղաքագետի կարծիքով՝ ռուսական տարբերակում որոշ չափով հնարավորություն կար ապագայում քննարկել ԼՂ կարգավիճակի հարցը, սակայն Արևմտյան տարբերակը նման հնարավորություն չի տալիս։
Հիշեցնենք` փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։
Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։