Արայիկ Հարությունյանը պատրաստվում է ամուսնացնել դստերը. «Հրապարակ»

Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահի ընտանիքի մտերիմներից մեկը թերթի հետ զրույցում վստահեցրել է, որ հարսանիքն անպայման Արցախում են անելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում կամուսնացնի դստերը։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը` նշելով, որ զույգը վաղուց է նշանված, հարսանիքը դեռ հոկտեմբերին էր ծրագրված, բայց հետաձգվել է, իսկ դեկտեմբերի 12-ից հետո՝ անհնարին դարձել:
Փեսացուն փրկարար ծառայությունում է աշխատում, դստեր համակուրսեցին է եղել, Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքից է։
Արցախում լուրեր էին շրջանառվում, թե որոշել են հարսանիքն անել Հայաստանում, որպեսզի ՀՀ պաշտոնյաներ էլ մասնակցեն, և դրա համար է Արայիկ Հարությունյանն ամեն ինչ անում, որ Լաչինը բացվի, սակայն ընտանիքի մտերիմներից մեկը թերթի հետ զրույցում խիստ վրդովվել է այդ հարցից։
«Բացառված է, Արցախում էլ շատ փոքր կազմով ենք անելու, եթե վիճակը չփոխվի»»,– ասել է նա։
Պարբերականի զրուցակիցը հավելել է, որ եթե իրավիճակը փոխվի, ու ճանապարհը բացվի, հարսանիքը մի քիչ ավելի լայն կազմով են անելու, բայց մի քանի ամսից և անպայման Արցախում։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։