ԶՊՄԿ–ի անվտանգության նախկին ղեկավարը 550 օր կալանքից հետո ազատ է արձակվել գրավի դիմաց

Արամ Գասպարյան
Արցախյան երեք պատերազմների մասնակիցը մեղադրվում է արտահերթ ընտրություններին ընտրողներին ուղղորդելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Վերաքննիչ դատարանի որոշմամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար, ԱԱԾ փոխգնդապետ Արամ Գասպարյանն ազատ արձակվեց գրավի դիմաց գրեթե 550 օր կալանքից հետո։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է Գասպարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
«Պաշտպանությունը ստանձնելու պահին Արամ Գասպարյանը 530 օր կալանավորված էր: Նման տևողությամբ կալանավորումը վերածվում է դասական պատժի, այլ ոչ խափանման միջոցի: Հստակ արձանագրում եմ, որ կալանավորման հիմքեր կամ նվազագույն ողջամիտ անհրաժեշտություն առհասարակ չի եղել, ու, չնայած այդ ամենին, առաջին ատյանի դատարանը կալանավորումը պահպանել էր»,– գրել է Վարդևանյանը։
Ըստ ԶԼՄ–ների` Գասպարյանն ազատ է արձակվել 40 մլն դրամ գրավի դիմաց:
Նշենք, որ Արամ Գասպարյանն Արցախյան երեք պատերազմների մասնակից է։ Նա ձերբակալվել էր 2021թ. հուլիսի 14-ին, իսկ հուլիսի 16-ին դատարանը նրան մեկ ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։ Դրանից հետո Գասպարյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել, որոշ ժամանակ անց` կրկին կալանավորվել։ Նա մեղադրվում է 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընտրողներին ուղղորդելու համար:
Ըստ մեղադրանքի` Արամ Գասպարյանը, նախնական համաձայնության գալով ինքնությունները դեռևս չպարզված անձանց հետ, նախապատրաստել է մի շարք անձանց կողմից իրենց ընտրական իրավունքների ազատ իրականացման խոչընդոտելը: Բացի այդ, ՀՀ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզանների վարչության պետի անվտանգության գծով տեղակալ Հայկ Եղիազարյանին համոզելու և այլ եղանակներով դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունները։
Սերժ Սարգսյանի գործով հարցաքննվեց ևս մեկ վկա