ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան կկալանավորվի. միջնորդությունը բավարարվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սուրմալուում» տեղի ունեցած ողբերգական պայթյունից մոտ 7 ամիս անց ձերբակալվել է առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան:
Դատախազությունից մանրամասնել էին, որ Մադաթովան կազմել է կեղծ հրաման` «Սուրմալուի» տարածքի հրդեհատեխնիկական և պահպանության համար ստանձնած պարտականությունը փոխանցելով փոխտնօրենին:
Նշված կեղծ փաստաթղթով տնօրենն ազատել է իրեն «Սուրմալու» առևտրի կենտրոնի սանիտարահիգիենիկ, հրդեհատեխնիկական և պահպանության կանոնները պահպանելու պարտականությունից և պատասխանատվությունից, այնուհետև կեղծ հրամանը ներկայացրել քրեական վարույթով նախաքննությունն իրականացնող քննիչին
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն տեղի ունեցավ 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Պայթյունի հետևանքով 16 մարդ մահացավ։
Սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գեղամ Շախբազյանն ազատվել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:
Իսկ հոկտեմբերի 3-ին Արթուր Ասոյանն ազատվեց տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից:
Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 165-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը)։
Նախաձեռնված քրեական վարույթով 4 մեղադրյալներից 1-ը «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի (շահագործում է «Սուրմալու առևտրի կենտրոնը) փոխտնօրենն է, 3-ը՝ տնտեսվարողները, որոնց պահեստային տարածքում առաջացել է պայթյունը: