Սիրիայի նախագահը շնորհակալ է Հայաստանին օգնության համար. հանդիպել են Միրզոյանն ու Ասադը

Բաշար ալ–Ասադն ընդունել է Արարատ Միրզոյանին
ՀՀ ԱԳ նախարարը Սիրիա է մեկնել օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադի հետ։ Տեղեկությունը հայտնում է Սիրիայի նախագահի մամուլի ծառայությունը «Թվիթերում»։
«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի բոլոր փրկարարական թիմերին և երկրաշարժից տուժածներին ուղղված մարդասիրական օգնության համար»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ասադը նաև հիշեցրել է Սիրիայի և աշխարհի տարբեր երկրներում հայերի հետ պատմական հարաբերությունների մասին։
Այսօր ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Դամասկոսում հանդիպում է ունեցել սիրիացի գործընկեր Ֆեյսալ ալ-Միկդադիի հետ։ Նախարար Միրզոյանը Սիրիա է մեկնել ավերիչ երկրաշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Սիրիայում նույն երկրաշարժի զոհերի թիվն անցել է 8500-ը։
Հայաստանը Սիրիա առաջին մարդասիրական օգնությունն ուղարկել է փետրվարի 8-ին` 30 տոննա, իսկ փետրվարի 14-ին հայտնի դարձավ ևս 25 տոննա բեռ ուղարկելու մասին։