Սիրիայի հայկական համայնքը կամուրջ է 2 երկրների միջև. հանդիպել են արտգործնախարարները

Արարատ Միրզոյանն ու Ֆեյսալ ալ-Միկդադին
Արարատ Միրզոյանը Ֆեյսալ ալ-Միկդադին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Սիրիայի հայկական համայնքը յուրահատուկ կամրջի դեր է խաղում երկու երկրների միջև: Այս մասին այսօր Դամասկոսում հանդիպման ժամանակ արձանագրել են ՀՀ–ի և Սիրիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ֆեյսալ ալ-Միկդադին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-սիրիական համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն արձանագրել են, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են հայ և սիրիացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա»,– ասված է հաղորդագրությունում։
Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել գործընկերոջն ու Սիրիայի բարեկամ ժողովրդին փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ՝ հայտնելով Հայաստանի և հայ ժողովրդի զորակցությունը:
Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կառավարության կողմից ուղարկված փրկարար ջոկատներն առաջիններից էին Սիրիայում՝ հավելելով, որ Հայաստանից մարդասիրական օգնության արդեն երեք խմբաքանակ է ուղարկվել աղետից տուժած շրջաններ:
Ֆեյսալ ալ-Միկդադի
Հանդիպման օրակարգում էին նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Արարատ Միրզոյանը Ֆեյսալ ալ-Միկդադին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները: