Սերժ Սարգսյանի գործով հարցաքննվեց ևս մեկ վկա

Սերժ Սարգսյան
Դատական նիստը հետաձգվեց, քանի որ անհրաժեշտ է ևս մի քանի հարցաքննություն իրականացնել այլ վկաների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստում, որն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նորք Նորք վարչական շրջանների նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հարցաքննվեց վկա Արսեն Հարությունյանը։
Դահլիճում էին նաև Սերժ Սարգսյանը և գործարար Բարսեղ Բեգլարյանը։
Հունվարի 26-ին տեղի ունեցած նիստում հարցաքննվել էին առանցքային վկա Սևան Քոչարյանը և Եղիշե Վարդանյանը։ Սևան Քոչարյանը հենց այն անձն է, որի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել Սերժ Սարգսյանի դեմ։ Վկաներից մեկը` Կամո Մելքոնյանը, այսօր չէր ներկայացել դատարան, քանի որ հանրապետությունում չէ։ Դատարանը որոշակի գործողություններ կձեռնարկի ՀՀ սահմանը հատելու վերաբերյալ Մելքոնյանի հայտնած տեղեկությունը ստուգելու համար։
Գործով վկա Արսեն Հարությունյանը հարցաքննությունից առաջ հայտնեց, որ 2011-2014թթ. եղել է «Մաքսուր» ՍՊԸ–ի (մեծածախ վառելիքի ներմուծող և մատակարար. խմբ.) ոչ ֆորմալ տնօրեն, կազմակերպչական և ֆինանսական հարցերով է զբաղվել։ Տնօրենի աշխատանքն իրականում արել է Խաչիկ Մանուկյանը, որը «Մաքսուր» ՍՊԸ–ի սեփականատերերից էր։
«2019 թվականի ամռան սկզբին Խաչիկն ինձ կանչեց ու ասաց, որ սենց գործընթաց կա, հնարավոր է քեզ էլ կանչեն քննչական կոմիտե։ Այդ տարի ինձ 2 անգամ որպես վկա կանչել են ցուցմունք տալու։ Գործի մասով կարող եմ ասել, որ Խաչիկ Մանուկյանն ինձ հրահանգ տվեց, որ դիզելային վառելիք մատակարարելու տենդեր կա, իր ասած գինը պետք է ներկայացնեմ, որպեսզի մասնակցենք։ Ինչքան հիշում եմ` գնային առաջարկը 1 լ–ի դիմաց 420-430 դրամի սահմաններում պետք է լիներ։ Այդ վառելիքը պետք է տրամադրեինք գյուղատնտեսական սուբյեկտներին։ Ասաց` եթե չստացվի, ուրեմն չենք մասնակցի։ Ես էլ ներկայացրել եմ տվյալները այն ժամանակվա գյուղատնտեսության նախարարություն»,– ասաց Հարությունյանը։
Մեղադրող կողմի հարցին ի պատասխան վկան նշեց` հաշվարկներն արել է Խաչիկ Մանուկյանը, և նրա առաջարկած գինն է ներկայացվել մրցույթին։
Նա ընդգծեց, որ այդ ժամանակ դիզվառելիքի խոշոր ներմուծողներն էին «Ֆլեշ» ընկերությունը, CPS ընկերությունը և «Մաքսուրը», որոնք մասնակցել են այդ տենդերին։
Դատախազին տարօրինակ թվաց այն, թե ինչու է Հարությունյանը նիստի ընթացքում անցկացվող հարցաքննության ընթացքում պարբերաբար հնչեցնում «չեմ հիշում», «ինչքան հիշում եմ» արտահայտությունները։ Մեղադրող կողմը նկատեց, որ վկան արդեն իսկ ցուցմունք տվել է մի քանի տարի առաջ, վերջինս էլ նշեց` շուրջ 4 տարի առաջ է եղել, իսկ մրցույթին մասնակցելը` ավելի շուտ, այդ պատճառով էլ որոշ բաներ հստակ չի հիշում։
Դատական նիստը հետաձգվեց, քանի որ անհրաժեշտ է ևս մի քանի հարցաքննություն իրականացնել այլ վկաների հետ։ Հաջորդ նիստը կկայանա մարտի 9-ին` 14։00-ին։
Հիշեցնենք` ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի` վերջինիս կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 դրամ:
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում։
Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Նշենք, որ գործով ամբաստանյալ էին նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը։ Երկուսն էլ մահացել են կորոնավիրուսից։ Դատարանի որոշմամբ` նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։