ՌԴ–ն նպատակային ջանքեր է գործադրում Բաքվի և Երևանի հարաբերությունները կարգավորելու համար

Ռուսաստանի միջնորդությունը կառուցողական և բովանդակալից երկխոսության ապահովումն է՝ երկուստեք ընդունելի լուծումներ գտնելու համար, որոնք հաշվի կառնեն և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի շահերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը Հայաստանին ու Ադրբեջանին է փոխանցել խաղաղ գործընթացի վերաբերյալ ռուսական նկատառումները, որոնք հաշվի են առնում կողմերի մոտեցումները։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով`ռուսական կողմը հետևողական աջակցություն է ցուցաբերում կողմերին խաղաղության պայմանագրի մշակման գործում և կարծում է, որ քայլերը պետք է հանգեցնեն տարածաշրջանում ամուր, կայուն և արդար խաղաղության պայմանների ստեղծմանը, ինչը կարտացոլվի խաղաղության պայմանագրում։
«Մենք մեր գործընկերներին փոխանցեցինք նաև ռուսական պատկերացումները խաղաղ գործընթացի հիմնարար սկզբունքների և պարամետրերի մասին՝ հաշվի առնելով կողմերի մոտեցումները։ Խաղաղության ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ կան», - ասել է Գալուզինը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի միջնորդությունը կառուցողական և բովանդակալից երկխոսության ապահովումն է՝ երկու կողմերի շահերը հաշվի առնող փոխընդունելի լուծումներ գտնելու համար։
Այդ նպատակով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը այցեր է կատարել Երևան և Բաքու՝ վերջին անգամ համապատասխանաբար 2023 թվականի փետրվարի 9-10-ը և 14-15-ը:
ՌԴ-ն կարևոր է համարում Բաքվի և Երևանի միջև միջնորդության ջանքերի կրկնօրինակումից խուսափելը
Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խոր արմատներ ունի։ Դրա վերջնական կարգավորման համար անհրաժեշտ է ժամանակ և համբերություն, այնպիսի պայմանների ձևավորում, որոնք կապահովեն երկկողմ համաձայնագրերի ամրությունը, հուսալիությունը և կայունությունը, որը կհանգեցնի փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը։
Գալուզինը շեշտել է, որ գործընթացը հիմնված է 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի վրա, որոնք նախատեսում են մի շարք առաջնահերթ միջոցառումներ, այդ թվում՝ երկու երկրների միջև տրանսպորտային կապերի ապաշրջափակում, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում և շփումների զարգացում քաղաքացիական հասարակության միջոցով։
ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ հենց դրան է ձգտում Ռուսաստանը, ինչի համար Անդրկովկասում խաղաղությունն ու կայունությունը միշտ առաջին պլանում են լինելու։
Ռուսաստանի միջնորդությունը հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման հարցում չի դադարել. Կոպիրկին