ՌԴ–ի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը չի ազդի ատոմային ոլորտի և ալմաստների վրա. ԶԼՄ

Եվրամիության դրշոներ
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ում չեն կարողացել համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների տասներորդ փաթեթը, բանակցությունները կշարունակվեն այսօր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Ատոմային արդյունաբերությունը և ալմաստի բիզնեսը չեն ընդգրկվի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների տասներորդ փաթեթում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իսպանական «La Vanguardia» թերթին:
Պարբերականի համաձայն՝ Հունգարիան, Ֆրանսիան, Բուլղարիան և Բելգիան դեմ են ռուսական ատոմային արդյունաբերության և ալմաստի շահութաբեր բիզնեսի դեմ սահմանափակումների գաղափարին: ԵՄ անդամ երկրների շարքում ավելի խիստ սահմանափակումներ մտցնելու կողմնակիցներ են Մերձբալթյան երկրները, հատկապես Լիտվան։
Նշվում է, որ պատժամիջոցների ընդունման համար բոլոր 27 անդամ երկրների համաձայնությունն է պետք։ Ամենամեծ առարկությունները կրկին ներկայացնում է Բուդապեշտը, որը խնդրում է որոշ անուններ հանել պատրաստվող փաստաթղթից, ինչպես նաև դեմ է այն առաջարկին, որ պատժամիջոցների երկարաձգումը, որը մինչ այժմ տեղի էր ունենում վեց ամիսը մեկ, ամենամյա դառնա։
Թերթը գրում է` պատժամիջոցների նոր փաթեթի նպատակն է 10 մլրդ եվրոյի արտահանման սահմանափակումների միջոցով վնաս հասցնել ՌԴ ռազմական և տեխնոլոգիական հատվածին։ Բացի ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև առևտրի նոր սահմանափակումներից, որոնք կանդրադառնան հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և ուղղաթիռների շուրջ 47 էլեկտրոնային բաղադրիչների վրա, այժմ քննարկվող փաստաթուղթը պատժամիջոցներից խուսափելը կանխելու և դրանց կատարման նկատմամբ ավելի լավ վերահսկելու միջոցներ է նախատեսում:
ԵՄ-ն չի համաձայնեցրել ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցները. ԶԼՄ
Անցյալ տարվա փետրվարի վերջից ի վեր Եվրամիությունն արդեն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ինը փաթեթ, որոնք ներառում են ֆինանսական, առևտրային սահմանափակումներ, ինչպես նաև անհատական պատժամիջոցներ:
ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը, որն Արևմուտքը սկսել է գործադրել Ռուսաստանի վրա մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել։ Արևմտյան երկրներում բազմիցս կարծիքներ են հնչել, որ հակառուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել համաշխարհային տնտեսությանը:
ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը չի ազդի ռուսական ուրանի վրա. Եվրահանձնաժողով