Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 169 տրանսպորտային միջոց, օգնել 422 քաղաքացու

Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու մարզերում ճանապարհները դժվարանցանելի են եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Փետրվարի 22-23-ը Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից շրջայցերի, իրականացված հերթապահությունների և ստացված ահազանգերի արդյունքում ընդանուր առմամբ արգելափակումից դուրս է բերվել 169 տրանսպորտային միջոց, օգնություն է ցուցաբերվել 422 քաղաքացու։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ՓԾ մամուլի ծառայությունը։
Փրկարարներն օգնում են դուրս բերել արգելափակված մեքենան
Փրկարարների կարիքը, մասնավորապես, զգացվել է Սևան, Հրազդան, Մարալիկ քաղաքներում, Արագածոտնի մարզի Հարթավան, Ջամշլու, Եղիպատրուշ գյուղերում, Վարդենյանց լեռնանցքում, Մեծ Մասրիկ-Սոթք, Գեղամասար-Ծովակ, Բուժական-Ապարան, Գետափ-Մարտունի, Սպիտակ-Ապարան ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում:
Փրկարարներն օգնում են դուրս բերել արգելափակված մեքենան
Հիշեցնենք, որ օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 24-ի ցերեկը առանձին շրջաններում, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, Արարատյան դաշտում՝ ձնախառն անձրևի տեսքով։