ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրներն ու նախատեսվող փոփոխությունները պահանջում են միասնական մոտեցում և համակարգային լուծում: ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ` այսօր ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ հանդիպման ժամանակ շեշտել է նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա անդրադարձել է բուհերի լիցենզավորման ընթացակարգերում արված փոփոխություններին. կրճատվել են բուհերին հատկացված տեղերը՝ ըստ լիցենզիայի պահանջների՝ առաջնահերթությունը տալով առավել թիրախային մասնագիտություններին:
«Կրթության մասին» օրենքում կատարված փոփոխությամբ որպես լիազորող նորմ պարտադիր պայման է սահմանվել լաբորատոր սարքավորումներով հագեցվածությունը՝ հաշվի առնելով մասնագիտության ուսուցման ստանդարտները։ Նախարարը վստահ է, որ սա նոր որակ է ապահովելու բուհերի համար:
Նախարարը խոսել է նաև կրթաթոշակային քաղաքականության արդյունավետության բարձրացման մասին։
«Կարծում ենք՝ պետք է մեծացնել կրթաթոշակի չափը, հստակեցնել ստացողների շրջանակը և սահմանել այն ուղղությունները, որոնք ունեն դիմորդների թվի մեծացման խնդիր՝ պետության առաջնահերթության տեսանկյունից»,– ասել է նախարարը։
Այս համատեքստում նախարարը կարևորել է նաև սոցիալական գործոնը հաշվի առնելը։
Խոսվել է նաև օտարերկրյա ուսանողների՝ ՀՀ բուհեր ընդունելությունը խրախուսելու մասին։
Անդրադարձ է արվել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով ակադեմիական տարկետման հնարավորություններին:
Քննարկվել է նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե ստեղծելու հարցը: