Կառավարությունը փոխհատուցում է ՀՀ-ում մնացած արցախցիների կացության ծախսերը

ՀՀ կառավարության նիստ. Արխիվային լուսանկար
Որոշմամբ նախատեսվում է փոխհատուցել հունվարի 26-ից մինչև փետրվարի 19-ը ներառյալ կատարված հյուրանոցների և տեղափոխման ծախսերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցիների կացության ու տեղափոխման ծախսերը փոխհատուցելու համար ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեից այսօր երրորդ հաստացումն է արվել` 97 460 500 դրամի չափով։
Դրանից 89 134 500 դրամը կտրամադրվի Սյունիքի մարզպետարանին` մարզի հյուրանոցների ու տեղափոխման ծախսերը փոխհատուցելու համար, 8 326 000–ը կտրամադրվի Երևանի քաղաքապետարանին։
Նշենք, որ տուն վերադառնալու հնարավորությունից զրկված արցախցիների կացության ծախսերը փոխհատուցելու առաջին որոշումն ընդունվել էր 2023թ հունվարի 12-ին, հատկացվել էր 114 850 900 դրամ, երկրորդ որոշումն ընդունվել էր հունվարի 26-ին, հատկացվել էր 98 490 500 դրամ։ Նախորդ երկու որոշումներով փոխհատուցվել էր մինչև հունվարի 25-ը ներառյալ կատարած ծախսերը։
Նոր հատկացմամբ նախատեսվում է փոխհատուցել հունվարի 26-ից մինչև փետրվարի 19-ը ներառյալ կատարված հյուրանոցների և տեղափոխման ծախսերը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։