ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ղեկավարությամբ փետրվարի 20-22-ը անցկացվել են համատեղ շտաբային մարզումներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
ԳՇ պետի գլխավորությամբ համատեղ շտաբային մարզումներ են անցկացվել
© Photo : Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն/MoD of the RA
Մարզումները եղել են «ՀՀ զինված ուժերի ռազմական կառավարման մարմինների աշխատանքը ԶՈւ պաշտպանողական օպերացիայի նախապատրաստման ընթացքում՝ օպերացիայի պլանավորման փուլում» թեմայով:
«Համատեղ շտաբային մարզումների շրջանակներում անցկացվել է օպերատիվ դաշտային երթ։ Նպատակն էր՝ ճշգրտել օպերատիվ ուղղությունում զորքերին առաջադրված խնդիրներն ու ընդունել որոշումներ, ինչպես նաև գործող ուժերի և միջոցների փոխհամագործակցության հիմնական հարցերը»,– ասված է հաղորդագրությունում։
Սահմանվել են կառուցվածքային ստորաբաժանումների և ապահովման զորամասերի պլանավորված և մարտական հաշվարկներով սահմանված գործողությունների հաջորդականությունը։ Միջոցառման շրջանակում ստուգվել են պաշտոնատար անձանց գործողությունները ԶՈւ կիրառման պլանի և զորքերի խնդիրների ճշգրտման ընթացքում, կատարելագործվել են հրամանատարական կազմի կարողությունները։
Մարզումների ընթացքում ուսումնասիրվել է օպերատիվ առաջադրանքը, գնահատվել է ստեղծված իրադրությունը, մշակվել է զորքերի կառավարման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ձևայնացումը: