ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Ֆրանսիան պատշաճ կերպով ի գիտություն է ընդունել միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը ՝ կապված Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի հետ։ Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը նախարարության պաշտոնական կայքում հաղորդագրություն է տարածել` ներկայացնելով որոշման վերաբերյալ Ֆրանսիայի դիրքորոշումը։
«Ֆրանսիան վերահաստատում է իր անսասան աջակցությունը միջազգային դատարանին և նրա որոշումների պարտադիր բնույթին, այդ թվում ՝ ժամանակավոր միջոցների կիրառմանը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։