Երևանում մեկնարկել է կանգառասրահների կահավորման ծրագիրը. տեղադրվելու է շուրջ 1000 աղբաման

Ընթացիկ տարում մայրաքաղաքում շարունակվելու է նոր լուսացույցներ տեղադրելու գործընթացը:
Sputnik
Երևանում մեկնարկել է կանգառասրահների կահավորման ծրագիրը, որի արդյունքում արդեն իսկ տեղադրվել է շուրջ 130 նոր աղբաման–մոխրաման։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ տեղադրվելու է շուրջ 1000 աղբաման–մոխրաման։
«Պետք է խնդրեմ մեր բնակիչներին ու հորդորեմ, որպեսզի խնամքով մոտենան ու չվնասեն տեղադրված աղբամանները։ Սա մեր բոլորի սեփականությունն ու գույքն է»,– նշել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը։
Երևանի քաղաքապետարանը սկսել է նաև բոլոր կանգառասրահները փոխարինել նորերով, արդիականացնել դրանք, որոշ հատվածներում էլ նոր կանգառասրահներ են տեղադրվելու։
Գործընթացը մեկնարկել է Աջափնյակ վարչական շրջանից, հաջորդիվ կփոխարինվեն Դավթաշեն և Նուբարաշեն վարչական շրջանների կանգառասարհները:
Հնարավոր է` Երևանում տրանսպորտային կանգառների մեծացման համար ծառեր հատվեն. քաղաքապետ
Ընթացիկ տարում մայրաքաղաքում կշարունակվի նոր լուսացույցներ տեղադրելու գործընթացը: Աջափնյակ վարչական շրջանում բոլոր լուսացույցներն ու ճանապարհային նշաններն արդեն փոխարինվել են նորերով:
Ընթացքի մեջ են նաև Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջանների լուսացույցների փոխարինման աշխատանքները: