Սիրիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ժամանել է Հալեպ, հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից:
Օդանավակայանում նախարար Միրզոյանին դիմավորել է Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբը:
Արարատ Միրզոյանն այցելել է երկրաշարժից տուժած Շաար շրջան, որտեղ երկրաշարժին հաջորդած օրերին որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել ՀՀ փրկարարները, ծանոթացել իրավիճակին:
Նա Հալեպում հանդիպում է ունեցել նաև «Հայաստանի հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ:
Ավելի վաղ մայրաքաղաք Դամասկոսում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադի և ԱԳ նախարար Ֆեյսալ ալ-Միկդադիի հետ։
Նախարար Միրզոյանը Սիրիա է մեկնել ավերիչ երկրաշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Սիրիայում նույն երկրաշարժի զոհերի թիվն անցել է 8500-ը։
Հայաստանը Սիրիա առաջին մարդասիրական օգնությունն ուղարկել է փետրվարի 8-ին` 30 տոննա, իսկ փետրվարի 14-ին հայտնի դարձավ ևս 25 տոննա բեռ ուղարկելու մասին։