ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի ներկայացուցիչներին` նրանց հետ քննարկելով Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները և առաջացած դժվարությունների հաղթահարման ուղիները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը, դեսպանության սիրիահայ համայնքի հանձնաժողովի ատենապետ, բժիշկ Ջորջ Բարսեղյանը, հանձնաժողովի այլ անդամներ, դեսպանատան աշխատակիցներ, գործարարներ:
«Դժբախտության ժամանակ պարտավոր ենք միմյանց օգնել: Մենք ամենօրյա շփումների մեջ ենք Սիրիայի մեր գործընկերների հետ և մեր ունեցած հնարավորությունների սահմաններում փորձում ենք մեղմել ձեր ցավը: Ուզում եմ մեկ անգամ ևս ցավակցել Սիրիայի ժողովրդին: Ամենակարևորն այն է, որ ձեր մեջ ուժը չպակասի, հույսը չկորչի»,-ասել է նախագահը:
Նորա Արիսյանը նշել է` Հայաստանը ևս մեկ անգամ ապացուցել է, որ Սիրիայի լավագույն բարեկամներից մեկն է և կանգնել է Սիրիայի կողքին: Նրա խոսքով՝ նույնիսկ Հայաստանի սովորական քաղաքացիները դիմել են իրենց՝ Սիրիային օգնության ձեռք մեկնելու ցանկությամբ:
ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ Սիրիան մոտ ապագայում կկարողանա դժվարությունները հաղթահարել և ոտքի կանգնել, շեշտել իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցելու սիրիահայ համայնքի խնդիրների հաղթահարմանը:
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը անցել է 41 հազարից, ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է գրեթե 84 հազար շինություն։
Նույն երկրաշարժը զոհերի ու ավերածությունների պատճառ է դարձել նաև Սիրիայում։ Այս պահին հայտնի է 8500-ից ավելի զոհերի մասին, ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է մոտ 4 հազար շինություն։
Հետցնցումների թիվը տարածաշրջանում գերազանցել է 4 հազարը։