ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Քուվեյթում հայկական համայնքը բարձր համբավ ունի.հայերն աշխատավոր, հարգանք և վստահություն վայելող մարդիկ են: Այս մասին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ Էնեզին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հանդիպման սկզբում ՀՀ նախագահը շնորհավորել է դեսպանին և Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ Անկախության և Ազատագրման տոների առթիվ։
«Մենք բարեկամ ժողովուրդներ ենք և առանձնահատուկ հարաբերություններ ունենք, ինչը պայմանավորված է նաև ձեր երկրում հայկական համայնքի ներկայությամբ, որի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունենք: Պատրաստ ենք մեր բարեկամությունը շարունակել և ամրապնդել, ինչպես նաև նոր հնարավորություններ ստեղծել»,–ասել է ՀՀ նախագահը։
Աբդուլլահ Ալ Էնեզին իր հերթին նշել է, որ հայկական համայնքը բարձր համբավ ունի և այն քիչ համայնքներից է, որ փոքր խնդիրներ ունի Քուվեյթում:
«Մենք պատրաստ ենք ջանքեր ներդնել տարբեր ոլորտներում մեր երկրների հարաբերությունները զարգացնելու համար»,- ասել է դեսպանը:
Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է նաև միջազգային տարբեր հարթակներում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցին կրոնական երանգ հաղորդելու փորձերին։ Նա նշել է, որ ԼՂ հիմնահարցը զուրկ է միջկրոնական անհանդուրժողականության տարրերից և տեղավորվում է սեփական հողում ազատ ապրելու և արարելու մարդկային հիմնարար իրավունքի տրամաբանության մեջ:
Նախագահը հիշեցրել է նաև, որ հայերը դարեր շարունակ կողք կողքի ապրել են արաբների և մահմեդական այլ ժողովուրդների հետ:
Երկուստեք ընդգծվել է խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում տևական և համապարփակ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև ներդրումներին և տնտեսության տարբեր ոլորտներում փոխգործակցության խթանմանը վերաբերող հարցերի: Կարևորվել է համագործակցության առավել խորացումը մշակույթի, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: