Փաշինյանը տարածաշրջանում զարգացումներն ու խնդիրները քննարկել է ԱՄՆ նոր դեսպանի հետ

Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը նշել է, որ կներդնի բոլոր ջանքերը՝ հայ-ամերիկյան փոխգործակցության օրակարգն արդյունավետ առաջ մղելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներն ու առկա խնդիրները քննարկել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, հայ-թուրքական գործընթացին և այլ հարցերի»,–նշված է հաղորդագրության մեջ։
Զրույցի ընթացքում Փաշինյանը կարևորել է ԱՄՆ օժանդակությունը Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին և հավելել, որ ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն:
Քրիստինա Քվինն իր հերթին նշել է, որ կներդնի բոլոր ջանքերը՝ հայ-ամերիկյան փոխգործակցության օրակարգն արդյունավետ առաջ մղելու համար:
Այս համատեքստում, դեսպանը կարևորել է ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությունը:
Միաժամանակ, նա հայտնել է ԱՄՆ վարչակազմի պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել ՀՀ-ում բարեփոխումների իրականացմանը:
Հիշեցնենք` 2019 թվականից ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը Լին Թրեյսին էր, 2023 թվականից նրան այդ պաշտոնում փոխարինելու է Քրիստինա Քվինը։