Միջազգային դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը

Հաագայի դատարանը
Ադրբեջանը պահանջել էր միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանից պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն այսօր միաձայն մերժել է 2023թ.հունվարի 4-ին Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Ադրբեջանի մեղադրանքները վերաբերել են ականապատմանը, որն իբր հայկական կողմն իրականացնում է Ղարաբաղում՝ ազգությամբ ադրբեջանցի անձանց իրենց տները վերադառնալուն խանգարելու նպատակով։
Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Ադրբեջանն ապացույցներ չի ներկայացրել այն մասին, որ Հայաստանը ձեռնարկել է քայլեր, որոնք խոչընդոտում են ազգությամբ ադրբեջանցի անձանց` մշտական բնակության վայրերում գտնվելու իրավունքին:
Ավելի վաղ միջազգային դատարանը ներկայացրեց Հայաստանի հայցի պատասխանը, որով Ադրբեջանին պարտավորեցրեց, նախքան այս գործով վերջնական որոշում կայացնելը, պ իր ստանձնած պարտականություններով ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։
Այս որոշումն ընդունվեց դատավորների կոլեգիայի կողմից 13 կողմ, 2 դեմ ձայներով։
Նշենք, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այժմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում է և մասնակցում է քննվող ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշման հրապարակմանը։
Հիշեցնենք, որ Հայաստանը պահանջել էր կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները՝
• Ադրբեջանը պետք է դադարեցնի ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը և աջակցությունը, որոնք արգելափակում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով:
• Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով:
• Ադրբեջանը պետք է անհապաղ ամբողջությամբ վերականգնի և ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղին բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց։