Մեզ կարող եք վստահել ձեր տարածքում հուշարձան վերականգնելու հարցը. Սանջուլիանոն` ԿԳՄՍՆ–ում

Իտալիան հայագիտական կենտրոնների քանակով առաջատար երկրների թվում է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Իտալիան կարող է Հայաստանին աջակցել մշակութային արժեքների պահպանության դպրոց ստեղծելու ու հնագիտության բնագավառում նախագծեր մշակելու հարցում։ Այսօր այս մասին հայտարարել է Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Ջենարո Սանջուլիանոն և Ժաննա Անդրեասյանը
Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ Իտալիան հայագիտական կենտրոնների քանակով առաջատար երկրների թվում է: Պլանավորվում է հայագիտական կենտրոնների՝ առաջիկայում կայանալիք տարեկան համաժողովն անցկացնել Իտալիայում, որին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Իտալիայի մշակույթի նախարարը:
Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարարի առաջարկով քննարկվել է համատեղ կրթական ծրագրեր ունենալու հնարավորությունը: Նպատակը ՀՀ բուհերից որևէ մեկում մշակութային ժառանգության պահպանման ոլորտում մասնագետների պատրաստումն է իտալական փորձի հիման վրա:
«Հայաստանում արդեն իսկ գործում է հայ-իտալական համագործակցության հնագիտական 4 առաքելություն, որոնք հաջող գործունեություն են իրականացնում: Մեզ կարող եք վստահել նաև ձեր տարածքում որևէ հուշարձան վերականգնելու հարցը»,– ասել է իտալացի նախարարը։
Որոշում է կայացվել, որ այս համատեքստում Իտալիայի պատվիրակությունն այցելի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան՝ քննարկելու համատեղ անելիքներն ու ապագա համագործակցությունը:
Հանդիպմանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ուսումնասիրության հարցում Իտալիայի դերակատարմանը՝ կարևորելով միջազգային գործուն մասնակցությունը մշակութային ժառանգության պահպանման առումով»։
«Ցավում ենք, որ իտալական կողմի նախաձեռնությունը խափանվեց, խնդիրը, սակայն, դեռ արդիական է: Հույս ունենք՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի շրջանակում այցը կկայանա»,- ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարը՝ ներկայացնելով նաև Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով ստեղծված հումանիտար ճգնաժամի անդառնալի հետևանքները կրթության իրավունքի իրացման գործընթացում։
Նշենք, որ Իտալիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՅՈւՆԵՍԿՕ-ի շրջանակում հաջորդ տարի կայանալիք Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառմանը։
Իտալիայի մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաև Հայոց ցեղասպանության թանգարան, Մատենադարան և Հայաստանի ազգային պատկերասրահ:
Հիշեցնենք, որ փետրվարի 21–ն Ջենարո Սանջուլիանոն հանդիպել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։