Հայաստանի և Սիրիայի միջև կանոնավոր օդային հաղորդակցություն կհաստատվի

2011 թվականից ի վեր Հայաստանի և Սիրիայի միջև Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ ուղիղ չվերթեր չեն իրականացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ««ՀՀ կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին։
Ինչպես հանժնաժողովի նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը, համաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջև կանոնավոր օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունների պատշաճ և լիարժեք իրավական կարգավորմանը, թռիչքների ապահովմանը, ինչպես նաև կխթանի երկկողմ տնտեսական կապերի ակտիվացումը:
«Կանոնավոր չվերթերի իրականացումը խիստ դրականորեն կանդրադառնա սիրիահայ համայնքի դեպի Հայաստան շարժի, ինչպես նաև միջպետական, խորհրդարանական և այլ պատվիրակությունների փոխայցելությունների վրա»,- ասաց Սիմոնյանը։
Բացի այդ, որոշումը թույլ կտա հարաբերությունները կարգավորել իրավական տեսանկյունից։
Փոխնախարարն ընդգծեց, որ գործող կարգավորումները հիմնված են 1995 թվականի համաձայնագրի վրա, որն ընդունվել է սահմանափակումներով և վերապահումներով (չվերթերի քանակ, ընկերություններ, որոնք կարող են չվերթներ իրականացնել)։
Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի նախագծին, որը ստորագրվել է 2021 թվականի մայիսին։
ՀՀ նախագահը Պիրունչիկի հետ քննարկել է Երևան-Պրահա չվերթերի վերականգնման հնարավորությունը
Նշենք, որ 2011 թվականից ի վեր Հայաստանի և Սիրիայի միջև Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ ուղիղ չվերթներ չեն իրականացվել։ Որոշ ժամանակով անկանոն թռիչքներ են իրականացվել դեպի Դամասկոս, սակայն դրանք դադարեցվել են կորոնավիրուսային համաճարակից առաջ։ 2021 թվականի սեպտեմբերին Սիրիայի տրանսպորտի վարչությունը հայտարարեց Հալեպից Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքների վերականգնման մասին։ Սակայն որոշ ժամանակ անց դրանք կրկին կասեցվել են։