Բուլղարիայում ընթացող Ստրանջիայի մրցաշարում 2 հայ մարզիկ հաղթանակով են սկսել ելույթները։ Մասնավորապես, հաղթանակով է մեկնարկել աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը, տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Դավիթ Չալոյանը մրցակիցն ալժիրցի Կադի Մուրադն էր:
Նշվում է, որ մենամարտը մեր մարզիկի համար բավականին բարդ էր: Առաջին ռաունդում հաղթեց Չալոյանը, 2-րդում` ալժիրցի բռնցքամարտրիկը: Վճռորոշը 3-րդ ռաունդն էր, որտեղ աշխարհի փոխչեմպիոնը ցույց տվեց իր բարձր կարգը ու ռինգից դուրս եկավ հաղթանակած:
Միաժամանակ, մրցաշարում այսօր գեղեցիկ հաղթանակ է տոնել Հայաստանի չեմպիոն 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը: Մեր մարզիկը համառ պայքարում առավելության է հասել իսպանացի Սալվադոր Ֆլորեսի նկատմամբ: Հայ բռնցքամարտիկը հաղթանակը կորզել է 3-րդ ռաունդում:
Հիշեցնենք, որ Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Բուլղարիայում կայանալիք Ստրանջայի մրցաշարին մասնակցում է 12 մարզիկով: