Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարողներից մեկը կալանավորվել է. ԱԱԾ

ԱԱԾ–ն մանրամասնել է հայտնել ԱԺ նախագահին ծեծի ենթարկելու գործի քննության վերաբերյալ։
Sputnik
Ձերբակալվել, ապա կալանավորվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ազգաին ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարած անձանցից մեկը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
Նշվում է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Արցախյան 44-օրյա պատերազմը դադարեցնելու մասին հայտարարությունը ԶԼՄ–ներում հրապարակվելուց հետո, Թ.Ա.–ն ուղևորվել է ՀՀ ազգային ժողովի շենքի մոտ, որտեղ այդ ժամանակ զանգվածային անկարգություններ էին տեղի ունենում։
Իրավիճակն այդ օրը լարված էր նաև կառավարության, ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ և դրանց ներսում։
Երևան քաղաքի Դեմիրճյան և Պռոշյան փողոցների խաչմերուկում` խցանման մեջ գտնվող Արարատ Միրզոյանին տեսնելով, միացել է զանգվածային անկարգությունների մասնակիցներին։ Ճեղքելով վերջիններիս շարքերը, մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Միրզոյանին և նրան սպանելու դիտավորությամբ, այլոց հետ միասին ոտքերով հարվածներ է հասցրել գլխին և մարմնի տարբեր մասերին։
Հարվածների արդյունքում Միրզոյանին պատճառվել է դիմային գանգի ոսկրերի բազմակի կոտրվածքներ և այլ վնասվածքների ձևով մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով վերջինս կորցրել է գիտակցությունը:
Թ․ Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ 2 ամիս ժամկետով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, որը բավարարվել է։
Ցանկացել է խփել, հարվածը տեղ չի հասել. Միրզոյանի գործով կալանավորվածը ցուցմունք է տվել
Քրեական վարույթով շարունակվում են ձեռնարկվել ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական և քննչական ու վարութային այլ գործողություններ՝ կատարվածն ամբողջությամբ բացահայտելու համար։
2020 թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու և ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրից հափշտակություն կատարելու դեպքերով մինչ այս կալանավորվել է 2 անձ։