ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԳՆ–ն կոչ է անում միջազգային գործընկերներին գործուն քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի որոշման անհապաղ իրականացումը։ Նման հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը` անդրադառնալով ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանի այսօրվա որոշումներին։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը ողջունում է ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանի ընդունած Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցների կիրառման մասին միջնորդությունների վերաբերյալ փետրվարի 22-ի որոշումները։
ՀԱյտնել էինք, որ դատարանի որոշումների համաձայն՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և այլ գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն:
«Հայաստանը ուշադիր հետևելու է իրավիճակին և դատարանին կտեղեկացնի Ադրբեջանի կողմից ցանկացած խախտումների մասին, մինչ Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի շարունակվում է»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դատարանն իրավաբանորեն պարտավորեցնող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացված վարույթի շրջանակներում՝ միաժամանակ կտրականապես մերժելով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված զուգահեռ վարույթում Ադրբեջանի պահանջները։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։