ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը մերժել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Դավիթի հորը՝ Բագրատ Ուզունյանին վարչական պատասխանատվության ենթարկելու ոստիկանության պահանջը։ Տեղեկությունը հայտնում է «Որդիների Կանչ» ՀԿ–ն։
«Կարող ենք այս օրը ստացված համարել, քանի որ մենք հաղթեցինք ծնողների դեմ մեր առաջին դատը։ Իսկ առջևում մյուս ծնողների դատերն են»,– ասված է ՀԿ–ի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում։
Հիշեցնենք` 2022 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը, զոհված զինծառայողների ծնողները Եռաբլուր պանթեոն էին գնացել, որպեսզի արգելեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։ Ոստիկանության աշխատակիցները ծնողների մի մասին բերման էին ենթարկել։
Ոստիկանությունը վարչական դատարանից պահանջել է ծնողներին պատասխանատվության ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով, որի համար նախատեսված է50 հազար դրամ տուգանք։