ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Թոմատն ու Հայաստանում ԵՄ մոնիտորինգի առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը ԵՄ մոնիտորինգի առաքելության գործունեությանն առնչվող հարցերն են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Երկուստեք կարևորվել է առաքելության դերը սահմանային կայունության և անվտանգության ամրապնդման գործում»,– ասված է հաղորդագրությունում։
Արման Սարգսյանն ընդունել է Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը
© Photo : press office of MoD of RA
Եվրամիության քաղաքացիական առաքելությունը փետրվարի 20-ից սկսել է իր աշխատանքը Հայաստանում։
Ավելի վաղ Ստեֆանո Թոմատի գլխավորած պատվիրակությանն ընդունել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ արտգործնախարարի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։
Հիշեցնենք` Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշման մասին հայտարարվեց հունվարի 23-ին։ Բրյուսելի մտահղացմամբ` երկու տարի ժամկետով առաքելությունը պետք է խթանի Հայաստանի սահմանամերձ շրջանների կայունությունը, վստահության մթնոլորտ ձևավորի տեղերում և ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին:
ԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված է մոտավորապես 100 մարդ, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ:
Առաքելության օպերատիվ շտաբը ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում է։ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատն աշխատում է որպես քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար: