Փաշինյանը չի ընդունել կացարանում զոհվածների ծնողների հետ հանդիպելու պահանջը. փաստաբան

Գեղարքունիում հրդեհի զոհ դարձած զինծառայողների հարազատները
Ըստ փաստաբանի` ՀՀ կառավարության ներկայացուցչի պատասխանից կարելի է ենթադրել, Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումը նույնպես կարող է տեղի չունենալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի զոհ դարձած 15 զինծառայողի ծնողների հետ հանդիպելու պահանջը։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Նորայր Նորիկյանը։
Ծնողները փետրվարի 20-ին հանդիպել էին ՀՀ կառավարության աշխատակազմի դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչության պետ Համլետ Նազարյանի հետ և Փաշինյանի հետ հանդիպում կազմակերպելու պահանջներկայացրել։

«Այսօր վարչության պետը պաշտոնապես ու տառացիորեն հայտնել է, որ Փաշինյանը մեծ հետաքրքրություն ունի նշված քրեական վարույթի նկատմամբ՝ նկատի ունենալով, որ գործը վերաբերում է ՀՀ զինված ուժերին ու զոհված զինծառայողներին։ Միաժամանակ տեղեկացրել է, որ քրեական վարույթի քննության փուլում, ըստ էության, նպատակահարմար չի համարում հանդիպել զոհված զինծառայողների ծնողների հետ։ Քննության ավարտից հետո, եթե ծնողները պնդեն վարչապետի հետ հանդիպման պահանջը, նոր հնարավոր կլինի քննարկել այդ հարցը»,– ֆեյսբուքյան էջում գրել է Նորիկյանը։

Պաշտոնյան հայտնել է, որ վաղվանից ՀՀ քննչական կոմիտեի իրավասու պաշտոնյաները հանդիպումներ կանցկացնեն զոհված զինծառայողների ծնողների հետ։
Ըստ Նորիկյանի`վերոնշյալ վարչության պետը նաև ասել է, որ այս փուլում ծնողների և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպում կազմակերպելը նույնպես հնարավոր չէ, քանի որ վերջինս այս պահին երկրում չէ, իսկ վերադառնալուց հետո դեռևս չի կարող հստակ նշել՝ այդպիսի հանդիպում կլինի, թե ոչ։
Նոր մանրամասներ 15 զինծառայողի մահվան գործով անցնող սպա Եղիշե Հակոբյանի ցուցմունքից
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։
Փետրվարի 17–ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է նախաձեռնել ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ։