«Նոր Զովքի» պարագայում ՊԵԿ–ն առաջնորդվել է զուտ իր ենթադրություններով. Ռաֆայել Խաչատրյան

«Զովք» սուպերմարկետ
«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է նշված ցանցի սուպերմարկետներում իրականացված խուզարկությունների թեմային։
Sputnik
ՊԵԿ–ը դեռ պատշաճ հետաքննություն չարած` հրապարակել է տեղեկություն, որն ըստ էության թերի է և չի համապատասխանում իրականությանը: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը։
ՊԵԿ-ը տեղեկություն էր տարածել, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ն առևտուր իրականացնող գնորդներին տրամադրում է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկում հարկային մարմին: Այս օրերին «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում, ինչպես նաև քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ վայրերում, դատարանի որոշումների հիման վրա, օրենքով սահմանված կարգով իրականացվում են խուզարկություններ։
«Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել
«Երեկ սուպերմարկետների ցանցի բոլոր մասնաճյուղերում միաժամանակ տեղի ունեցած խուզարկությունների արդյունքում առգրավվել են տեխնիկական միջոցներ` համակարգիչներ, ՀԴՄ սարքեր, անձնական օգտագործման հեռախոսներ, կրիչներ։ Մասնաճյուղերը երեկ փակվեցին տևական ժամանակով։ Կատարվածն ընկերության կողմից գնահատվում է որպես ապօրինություն, քանի որ այդ գործընթացն իրականացվել է խախտումներով։ ՊԵԿ–ն առաջնորդվել է զուտ իր ենթադրություններով և շտապել է դրանք հրապարակել ու հանրայնացնել, մինչդեռ բավարար չափով հետաքննություն չի կատարվել և բավարար չափով ապացույցներ չկան։ Նման գործելակերպով ՊԵԿ–ը փորձում է վարկաբեկել մեր ընկերության 24-ամյա բարի համբավը, այն ընկերության, որի գլխավոր սկզբունքն է հաճախորդների համար ամենամատչելի գների ապահովումը շուկայում»,– ասաց Խաչատրյանը։
Մեր զրուցակիցը նշեց, որ որոշ տեղերում խուզարկություններն իրականացվել են ուժի կիրառմամբ, մինչդեռ պատկան մարմիններն առհասարակ իրավունք չունեին տևական ժամանակով փակել սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերը` խոչընդոտելով տնտեսվարողի գործունեությանը։ Ըստ նրա` քննիչները բացարձակապես անտեղյակ էին իրականացվող գործընթացից և պարզապես հրահանգ էին կատարում` դրսևորելով տոտալ անգրագիտություն։ Նրանք ունեին ՏՏ ոլորտի ընդամենը մեկ մասնագետ, որը չէր կարողանում բոլոր 29 մասնաճյուղերով անցնել և տեղերում խորհուրդներ տալ քննիչներին։
«Մեր անձնական մեքենաներով ու միջոցներով փորձել ենք ապահովել այդ մասնագետի արագ տեղաշարժը, իսկ ինչ վերաբերում է խուզարկողների կողմից ուժի կիրառմանը, ապա դա տեղի է ունեցել հատուկ ծառայությունների աշխատակիցների մասնակցությամբ։ Երբ նրանք եկել են, մասնավորապես, Դավթաշենի մասնաճյուղ, մենեջերն ընդդիմացել է սուպերմարկետը փակելու գործընթացին, որովհետև նախապես չի եղել մասնաճյուղը փակելու որոշում, հենց այդ ժամանակ էլ իրավապահներն իրենց գործն արել են ուժի կիրառմամբ ու խաթարել սուպերմարկետի բնականոն աշխատանքը»,– մանրամասնեց Խաչատրյանը։
Նրա հավաստմամբ` խուզարկությունների նախօրեին տնտեսվարողն առևերույթ խախտումների մասին չի տեղեկացվել, պատկան մարմինները մասնաճյուղեր մտել են անակնկալ կերպով, նույնիսկ առգրավել են մենեջերներից մեկի անձնական օգտագործման հեռախոսը։ Մեր զրուցակցի տեղեկացմամբ` սուպերմարկետների ցանցը թեև հիմա աշխատում է, սակայն մասնաճյուղերը կրել են ծրագրային վնաս, նրանցից երեքն այս պահին չեն գործում։ Խաչատրյանը փոխանցեց, որ «Նոր Զովք» ՍՊԸ–ն կատարվածի վերաբերյալ հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։
Նշենք, որ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը սկսել է իր պատմությունը 1999թ-ից, երբ բացվեց առաջին մթերային խանութը մայրաքաղաքի Նալբանդյան 102 հասցեում։ Ցանցն այժմ ունի 28 մասնաճյուղ Երևանում և մեկ մասնաճյուղ Կոտայքի մարզում։ «Նոր Զովք» ՍՊԸ–ն 2022 թվականին 1000 խոշոր հարկատուների ցուցակում 167-րդն էր` պետբյուջե վճարելով 1 միլիարդ 557 միլիոն դրամ հարկ։