Իջևանում հրազենային վիրավորում ստացած զինծառայողի մահվան դեպքի առթիվ կա ձերբակալված

Նախնական տվյալով` զինծառայողը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի շրջանին արձակված կրակոցից ստացած վնասվածքի հետևանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հայկ Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է դիրքի պատասխանատու պայմանագրային զինծառայողը ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը 19-ամյա զինծառայողի մահվան մասին հայտնել էր փետրվարի 19-ին` նշելով, որ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել դեռևս չպարզված հանգամանքներում։ Ավելի ուշ ՔԿ–ն տեղեկացրեց, որ նա մահացել է գլխի շրջանում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում ստանալու հետևանքով։ Զինծառայողին հայտնաբերել են զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի տարածքում։ Նա մահացած վիճակում ընդունվել է Իջևանի բժշկական կենտրոն։ Ըստ նախնական տվյալների` զինծառայողը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի շրջանին արձակված մենահատ կրակոցից ստացած վնասվածքի հետևանքով։
Պայմանագրային զինծառայողը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2–րդ մասի 1–ին (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից), 2-րդ (նույն արարքը, որը կատարվել է հրամանատարի կողմից ենթակայի նկատմամբ), 3–րդ կետերով (նույն արարքը, որը կատարվել է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում), 520-րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին (ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) և 524 հոդվածի 2–րդ մասի 2–րդ (զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է հրամանատարի կողմից ստորադասի նկատմամբ) և 3–րդ կետերով (նույն արարքը, որը կատարվել է երկու կամ ավելի զինծառայողի նկատմամբ) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ անմիջական ծագած կասկածանքի հիմքով։
Զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելուն ուղղված վարութային և ապացուցողական գործողությունները շարունակվում են։