Հայաստանը և ԱՄԷ-ն կհամագործակցեն կիբեռանվտանգության ոլորտում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը հանդիպել է ԱՄԷ-ի Կիբեռանվտանգության խորհրդի ղեկավարի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Կիբեռանվտանգության ոլորտում Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև երկկողմ համագործակցության հնարավորություններին են անդրադարձել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ու ԱՄԷ կառավարության Կիբեռանվտանգության խորհրդի ղեկավար Մուհամեդ Համադ Ալ Քուվեյթը, հայտնում են ԲՏԱ նախարարությունից։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ու ԱՄԷ կառավարության Կիբեռանվտանգության խորհրդի ղեկավար Մուհամեդ Համադ Ալ Քուվեյթը
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կիբեռանվտանգության ոլորտին առնչվող փոխըմբռնման հուշագիր ստորագրել՝ ոլորտային համագործակցությունը կանոնակարգելու նպատակով»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ փետրվարի 18-ին Ռոբերտ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ միջազգային պաշտպանական համաժողովին և «IDEX 2023» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համակարգմամբ «IDEX 2023» ցուցահանդեսին հայկական 18 ընկերություններ «Հայաստան» միասնական տաղավարի ներքո ներկայացնում են տեղեկատվական, պաշտպանական և ռազմական նշանակության տեխնոլոգիաների, ինժեներական լուծումների ուղղությամբ Հայաստանի վերջին ձեռքբերումներն ու ներուժը: