Գրիգորի Խաչատուրովին ժամանակից շուտ տեղափոխել են դատարան. Գեղամ Մանուկյան

Գրիգորի Խաչատուրովը բողոքի ակցիաններին. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի կալանքի հարցը կքննվի Հակակոռուպցիոն դատարանում միայն այսօր ժամը 12։00-ին։ Բայց նրան արդեն վաղուց տեղափոխել էին դատարան: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Կարգադրիչները հրաժարվում էին փաստաբանից ընդունել նրան շտապ անհրաժեշտ դեղերը: Իսկ այդ չգործող ՄԻՊ գրասենյակի թեժ գծին Խաչատուրովի փաստաբանի ու իմ զանգերին ի պատասխան հնչում էր «վերադասին զեկուցել ենք» արտահայտությունը: Այդպես շարունակ մինչեւ 02:47... »,–գրել է Մանուկյանը։
Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել է։
Ըստ լուրերի` Խաչատուրովը ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործի շրջանակներում։
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին ՀՀ ԱԺ–ում գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների հիման վրա Սեյրան Օհանյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից։
Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, նրան խոշոր չափի վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է ներկայացվել: