Գարեգին Երկրորդը Ֆրանսիայի նախկին վարչապետի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը

Կաթողիկոսն ընդգծել է գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավրի քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպի հետ հանդիպմանը խոսել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին, որն առաջացել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի ու Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավրի քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպի հանդդիպումը
Ամենայն հայոց կաթողիկոսն իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին` 2020 թ–իարցախյան պատերազմի ու հետպատերազմյան ծանր օրերին Հայաստանին և հայ ժողովրդին բերած աջակցության և զորակցության համար:
«Գարեգին Երկրորդը խոսել է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանման և գերիների վերադարձման խնդիրների մասին»,– ասված է հաղորդագրությունում։
Կաթողիկոսը կարևորել է միջազգային հանրության և կառույցների հստակ դիրքորոշումն ու գործուն ջանքերը, որպեսզի կանխվի Ադրբեջանի որդեգրած դատապարտելի քաղաքականությունը։ Նա հույս է հայտնել, որ արցախյան հիմնախնդիրն արդար հանգուցալուծում կգտնի ու տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի Ֆրանսիայի և բարեկամ երկրների աջակցությամբ, հայ ժողովրդի ամուր կամքով և հավատքով։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը
Իր հերթին Ֆիլիպն ընդգծել է, որ պատվիրակության այցը Հայաստան վերահաստատում է Ֆրանսիայի բարեկամական վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ: Նա վստահեցրել է, որ Ֆրանսիան կշարունակի ջանքեր գործադրել ի նպաստ տարածաշրջանում խաղաղության հաստատման։
Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավրի քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպը
Հավելենք, որ այսօր Էդուարդ Ֆիլիպին ընդունել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ֆիլիպը պատմել էր, որ եղել է Սյունիքի մարզում, Գորիսում հանդիպել արցախահայերի հետ, որոնք Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով չեն կարողանում մեկնել Լեռնային Ղարաբաղ, և իր մտահոգությունն արտահայտել այդ առումով։