ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի սովորական քաղաքացիներից որևէ մեկը չի խղճացել նրանց, ովքեր փող են կորցրել արևմտյան բանկերում, կորցրել են զբոսանավերն ու պալատները արտասահմանում։ Այս մասին Դաշնային ժողովին ուղղված ուղերձում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՌԴ նախագահը նշում է, որ առօրյա խոսակցություններում մարդիկ հիշում են թե՛ 90-ականների սեփականաշնորհումը, երբ հաճախ ձեռնարկությունները գնվում էին մի քանի կոպեկի դիմաց, թե՛ այսպես կոչված նոր էլիտաների ցուցադրական շքեղությունը:
«Արևւմուտքի կերպարը` որպես խաղաղ նավահանգիստ և կապիտալների ապաստարան, պարզվեց, որ կեղծ էր», – ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը հավելել է, որ նրանց, ովքեր դրա հույսն ունեին, այնտեղ պարզապես թալանել են: Խլել են նույնիսկ օրինական վաստակած միջոցները։ Պուտինը հիշեցրել է 2002թ.-ին իր ասած խոսքերը. «Փոշի կուլ տալով տանջվելու եք` փորձելով փրկել Արևմուտքում պահված ձեր փողերը։ Հենց այդպես էլ ստացվեց»:
«Արդեն ժամանակն է հասկանալու, որ Արևմուտքի համար հարուստ ռուսները երկրորդ «սորտի» օտարներ են, որոնց հետ ինչ ուզում, անում են։ Եվ ոչ մի գնված տիտղոս չի օգնի. նրանք այնտեղ երկրորդ կարգի քաղաքացիներ են»,-հայտարարել է ՌԴ նախագահը։
Նա կոչ է արել խոշոր գործարարներին, որոնցից շատերին անձամբ է ճանաչում, «ոչ թե ձեռքը պարզած վազել փողերը հետ մուրալու», այլ վերափոխել իրենց աշխատանքը և նոր նախագծեր սկսել` ներդրումներ կատարելով Ռուսաստանում։