ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժից հետո փլատակներից ավելի քան 114,000 մարդ է փրկվել, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա նշել է, որ երկրաշարժերը դարձել են աննախադեպ աղետ՝ հավելելով, որ տուժած 11 շրջաններում ավելի քան 118,000 շենք ճանաչվել են ոչ անվտանգ և կքանդվեն:
«Այս պահին փլատակներից դուրս է բերվել 114 834 քաղաքացի»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Էրդողանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են մի քանի տեղամասերում, հիմնականում՝ Խաթայում։
Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ իշխանությունները մտադիր են արգելել երկրաշարժի գոտում 3-4 հարկից բարձր նոր շենքերի կառուցումը։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը անցել է 41 հազարից։ Հետցնցումների թիվը տարածաշրջանում գերազանցել է 4 հազարը։