Թուրքիայում այսօրվա երկրաշարժի հետևանքով կա 8 զոհ, Հաթայում փլատակներում մարդիկ կան

Թուրքական նահանգում ավերածություններ են գրանցվել նաև այսօրվա երկրաշարժերի արդյունքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Թուրքիայի Հաթայ քաղաքում այսօր երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլված շենքերի փլատակներում մարդիկ կան։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նահանգապետ Լյութֆյու Սավաշը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիրիայի և Թուրքիայի սահմանին Երևանի ժամանակով 21.05–ին 6,4 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել է մի քանի քանի հետցնցում, որոնցից ամենաուժգինը` 5,8 մագնիտուդ։ Թուրքիայի Հաթայ նահանգը հոսանքազրկված է, ավերածություններ կան։
«Ցավոք, մի քանի տներ փլուզվել են, մարդիկ մնացել են փլատակներում»,- ասել է Սավաշը NTV հեռուստաալիքի եթերում։
Նա նշել է, որ փրկարարները օգնության են հասել։
Իր հերթին Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է նոր երկրաշարժերի հետևանքով 8 զոհի մասին։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը անցել է 41 հազարից, ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է գրեթե 84 հազար շինություն։
Նույն երկրաշարժը զոհերի ու ավերածությունների պատճառ է դարձել նաև Սիրիայում։ Այս պահին հայտնի է 8500-ից ավելի զոհերի մասին, ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է մոտ 4 հազար շինություն։
Հետցնցումների թիվը տարածաշրջանում գերազանցել է 4 հազարը։