ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Թուրքիայի Հաթայ նահանգը, որտեղ այսօր նոր երկրաշարժ էր տեղի ունեցել, ամբողջովին հոսանքազրկված է, կան ավերածություններ, հաղորդում է A Haber հեռուստաալիքը:
Ավելի վաղ տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD) հաղորդել էր նահանգում 6,4 և 5,8 մագնիտուդով երկու երկրաշարժերի մասին, որոնք տեղի են ունեցել փետրվարի 20-ի երեկոյան` երեք րոպե ընդմիջումով:
«Տարածաշրջանում էլեկտրականությունն ամբողջությամբ անջատված է։ Փլատակների բացում էր ընթանում, բայց մենք տեսանք, թե ինչպես են մեր աչքի առաջ փլուզվում շենքերը, որոնք ավելի վաղ չէին քանդվել»,-հայտնել է հեռուստաալիքի թղթակիցը։
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանում, Սիրիայում, Կիպրոսում և Իսրայելում, հայտնում է Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը:
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր` Հայաստանի ժամանակով 21։04–ին, Սիրիայի և Թուրքիայի սահմանին 6,4 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել։
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են տեղի ունեցած երկրաշարժից հետո Հաթայ նահանգում նոր ավերածությունների մասին։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը անցել է 41 հազարից, ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է գրեթե 84 հազար շինություն։
Նույն երկրաշարժը զոհերի ու ավերածությունների պատճառ է դարձել նաև Սիրիայում։ Այս պահին հայտնի է 8500-ից ավելի զոհերի մասին, ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է մոտ 4 հազար շինություն։
Հետցնցումների թիվը տարածաշրջանում գերազանցել է 4 հազարը։