Թուրքիայի Հաթայ նահանգում նոր ցնցումներից հետո մարդիկ զանգվածաբար փողոց են դուրս եկել։ ԶԼՄ–ներում և սոցցանցերում արդեն բազմաթիվ տեսանյութեր են տարածվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիրիայի և Թուրքիայի սահմանին 6,4 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել է մի քանի քանի հետցնցում, ամենաուժգինը` 5,8 մագնիտուդ ուժգնությամբ։։
Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է մեքենան ցնցվում երկրաշարժից, իսկ շենքերից երեսպատման սալիկներ են թափվում։ Մարդիկ կատարվածից սարսափած են։
Նշենք, որ երկրաշարժը գրանցվել է Հայաստանի ժամանակով 21։04–ին։
Թուրքական լրատվամիջոցներն արդեն հայտնում են տեղի ունեցած երկրաշարժից հետո Հաթայ նահանգում նոր ավերածությունների մասին։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը անցել է 41 հազարից, ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է գրեթե 84 հազար շինություն։
Հավելենք, որ նույն երկրաշարժը զոհերի ու ավերածությունների պատճառ է դարձել նաև Սիրիայում։ Այս պահին հայտնի է 8500-ից ավելի զոհերի մասին, ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է մոտ 4 հազար շինություն։
Հետցնցումների թիվը տարածաշրջանում գերազանցել է 4 հազարը։