ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ՀՀ Շիրակի նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանը առևտրատնտեսական, կրթական, մշակութային հարաբերությունների հեռանկարներին առնչվող հարցեր է քննարկել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակության հետ։ Տեղեկությունը հայտնում է Շիրակի մարզպետարանը։
Հանդիպման ընթացքում Շիրակի մարզպետն անդրադարձել է երկու երկրների բարեկամական հարաբերություններին, մասնավորապես` Շիրակի մարզում իրականացված ծրագրերին։
«Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի։ 2022-ին մեծ շուքով նշեցինք հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը։ Ես` որպես Շիրակի մարզպետ, կարևորում եմ նաև ապակենտրոնացված համագործակցությունը»,– նշել է նա։
Մուրադյանն ընդգծել է, որ ուրախ կլինի, եթե երկկողմ համագործակցությունն առավել առարկայական հիմքերի վրա դրվի։
«Մենք պատրաստ ենք համագործակցության, վստահ եմ՝ համատեղ աշխատանքով կկարողանանք նոր արդյունքներ գրանցել»,– ավելացրել է նա։
Դեսպանը նշել է, որ ինքը ևս կարևորում է համագործակցությունն առավել առարկայական դարձնելուն միտված քայլերի իրականացումը։
«Մենք ևս կարևորում ենք Հայաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների պահպանումն ու համագործակցության ամրապնդումը։ Ուրախ եմ Շիրակի մարզ այցելելու համար և ինքս էլ պատրաստ եմ նոր գործնական ծրագրերի իրականացման»,–ասել է դեսպանը։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման նպատակով նոր հանդիպումներ կազմակերպելու առնչությամբ։