ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 35-ամյակի առթիվ և մեղադրել իշխանությանը։
«Հայաստանի իշխող վարչախումբը շարունակում է հետևողականորեն արժեզրկել հայ ժողովրդի արդար պայքարը, միտումնավոր վարկաբեկում է հաղթանակած հերոսներին և շարունակաբար թուլացնում հայկական բանակը, խարխլում ազգային միասնականությունը, թշնամուն ձայնակցելով՝ կեղծ խաղաղասիրական թեզերով երկրի ներսում բթացնում արտաքին վտանգներին դիմակայելու զգոնությունը»,– ասված է նրա ուղերձում, որը հրապարակվել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջում։
Ըստ Սարգսյանի` Ղարաբաղյան շարժման հոբելյանը ևս մեկ առիթ է արթնացնելու մեր ընդարմացած ազգային ինքնագիտակցությունը՝ որպես պատվար առկա մարտահրավերներին ու վերահաս նորանոր վտանգներին:
«Այդ ինքնագիտակցությունը 35 տարի առաջ հզոր ուժ դարձավ անգամ ամենածանր ու անելանելի թվացող իրավիճակներում, և ազգային համախմբմամբ հաղթանակեցինք: Մեզնից և ոչ ոք, ով իրեն համարում է ազգի մի մասնիկը, իրավունք չունի հուսահատվելու, ընկրկելու դժվարությունների առաջ, հետ կանգնելու պայքարի ճանապարհից՝ այնպես, ինչպես այսօր տոկում է շրջափակված, զրկանքների միջով անցնող, բայց իր բնօրրանում ազատ և անկախ ապրելու որոշման մեջ հաստատակամ Արցախը»,– գրել է Սարգսյանը:
Նա դիմել է արցախցիներին` հիշեցնելով, որ երեքուկես տասնամյակ առաջ Լաչինի ճանապարհը կրկին փակ էր, բայց նրանց անսասան կամքով և արիությամբ, համայն հայության սատարմամբ բացվեց կյանքի ճանապարհը:
«Համոզված եմ՝ այդպես կլինի նաև այս անգամ, քանզի Արցախի պայքարն այսօր էլ համայն հայության արժանապատվության պայքարն է, որին, ինչպես նախկինում, պարտավոր ենք սատար կանգնել ազգովին: Այդ պայքարը հայկական պետականության, մեր լինելության, ինքնության պահպանման կենաց և մահու պայքարն է, որից մենք պարտադրված ենք հաղթանակած դուրս գալ»,– եզրափակել է նա:
ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանն էլ ֆեյսբուքյան էջում գրել է, որ 1988թ. փետրվարի 20-ին Ստեփանակերտի կենտրոնական հրապարակից սկիզբ առած իրադարձություններն արցախահայության անկոտրում կամքի արտահայտությունն էին։ Նա լուսանկարներ է հրապարակել և առաջարկել է 35 տարի անց թերթել արցախյան շարժման ֆոտոալբոմը։
35 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) հայության պահանջով օրակարգ մտավ տարածաշրջանը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ տեղափոխելու հարցը։ 1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը ընդունեց որոշում, որով ամրագրում էր արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը: