ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը ԿԽՄԿ ղեկավարի հետ հումանիտար հարցեր է քննարկել

Հովհաննիսյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարևոր դերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Միրյանա Սպոլյարիչի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։
Ինչպես հայտնում է Շվեյցարիայում և ՄԱԿ-ի ներկայացուցչությունում Հայաստանի դեսպանությունը Twitter-ի իր էջում, Հովհաննիսյանը Սպոլյարիչի հետ խոսել է հումանիտար հարցերի շուրջ։
Նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի կարևոր դերը, անդրադարձել Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին, 44–օրյա պատերազմում անհետ կորածների և ռազմագերիների խնդրին։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։