ՀՀ նախագահի աշխատակազմը գրքեր է նվիրել մարզային գրադարաններին

Սահմանամերձ համայնքների գրադարանների համար նախատեսված գրքերը կուղարկվեն Հայաստանի ազգային գրադարանի միջոցով:
Sputnik
ՀՀ նախագահի աշխատակազմի և Հայաստանի ազգային գրադարանի նախաձեռնությամբ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ մի շարք մարզային գրադարաններ համալրվել են նոր և ժամանակակից գրականությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Ընտրված գրքերի ցանկում ներառվել են ինչպես դասական, այնպես էլ հայ և արտասահմանյան արդի գրողների ստեղծագործություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները գրքերը նվիրելու նպատակով այսօր այցելել են Արարատի մարզի Սուրենավան և Գոռավան համայնքներ, իսկ սահմանամերձ համայնքների գրադարանների համար նախատեսված գրքերը կուղարկվեն Հայաստանի ազգային գրադարանի միջոցով:
Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր այցելել են նաև Հայաստանի ազգային գրադարան, որտեղ տեղի է ունեցել Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառում:
Հավելենք, որ փետրվարի 19–ը` Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նշվում է նաև որպես Գիրք նվիրելու օր։