ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու նույն գործով անազատության մեջ գտնվող մյուս անձինք կշարունակեն մնալ կալանքի տակ` դատավորի վերապատրաստվելու պատճառով։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Տոնոյանի փաստաբանական խումբը։
Նրանք պնդում են, որ դատավորի որոշումը` հետաձգել նիստը մեկ շաբաթով, որևէ կերպ չի բխում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված դրույթներից։
Հայտարարությունում ասվում է` դատավորի հետ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստեր պետք է անցկացվեն յուրաքանչյուր երեքշաբթի։
«Խոստումը դատավորը խախտել է` այս անգամ էլ վերապատրաստման դասընթացների մասնակցելու պատճառով»,– նշված է հայտարարությունում։
Նշենք, որ նիստը պետք է տեղի ունենար 2023 թվականի փետրվարի 21-ին, սակայն այն նշանակվել է 2023 թվականի փետրվարի 28-ին:
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: