Առաքելությունը կաջակցի Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացին ուղղված ԵՄ ջանքերին. Բորել

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ ԵՄ դիտորդներն արդեն իրականացրել են իրենց առաջին պարեկությունը Հայաստանի սահմանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ԵՄ քաղաքացիական առաքելությունը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ուղղված ԵՄ ջանքերին։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Հայտնել ենք, որ Եվրամիության քաղաքացիական առաքելությունն այսօրվանից սկսում է իր աշխատանքը Հայաստանում։ ԵՄ-ում հայտարարել են, որ այն կոչված է նպաստելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։
«Մենք գործարկել ենք Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA), որն այժմ գործում է և իր առաջին պարեկությունն արդեն անցկացրել է»,- գրել է Բորելը Twitter-ում։
Նրա խոսքով` առաքելությունը կնպաստի մարդկանց անվտանգությանը, տեղում վստահություն կստեղծի և կաջակցի ԵՄ ջանքերին` ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին:
Հիշեցնենք` Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշման մասին հայտարարվեց հունվարի 23-ին։ Բրյուսելի մտահղացմամբ` երկու տարի ժամկետով առաքելությունը պետք է խթանի Հայաստանի սահմանամերձ շրջանների կայունությունը, վստահության մթնոլորտ ձևավորի տեղերում և ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին:
ԵՄ-ն 8 մլն եվրո կհատկացնի Հայաստանում նոր առաքելության աշխատանքի առաջին 4 ամսվա համար
ԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված կլինի մոտավորապես 100 մարդ, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ:
Առաքելության օպերատիվ շտաբը կլինի ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատը կաշխատի որպես Քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար:
Եվրամիության քաղաքացիական առաքելությունը փետրվարի 20–ից սկսել է իր աշխատանքը Հայաստանում։