«ԱՅԴԵՔՍ 2023» պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսին ՀՀ-ից 18 ընկերություն է ներկայացված

ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը շրջել է ցուցահանդեսի 12 թեմատիկ ցուցասրահներով, մտքեր փոխանակել հայկական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի ազգային ցուցահանդեսների կենտրոնում (ADNEC) մեկնարկել է «ԱՅԴԵՔՍ 2023» (IDEX 2023) պաշտպանական տեխնոլոգիաների 16-րդ միջազգային ցուցահանդեսը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
«Հայկական 18 ընկերություններ «Հայաստան» միասնական տաղավարի ներքո ներկայացնում են տեղեկատվական, պաշտպանական և ռազմական նշանակության տեխնոլոգիաների, ինժեներական լուծումների ուղղությամբ Հայաստանի վերջին ձեռքբերումներն ու ներուժը: Ցուցադրված են ոչ միայն պատրաստի արտադրանքներ, այլ նաև նորարարական նախագծեր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հայկական տաղավարը «ԱՅԴԵՔՍ 2023» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսում
Պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը շրջել է ցուցահանդեսի 12 թեմատիկ ցուցասրահներով, ծանոթացել ցամաքային, ծովային և հակաօդային պաշտպանության ոլորտների վերջին տեխնոլոգիաներին, մտքեր փոխանակել հայկական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
«ԱՅԴԵՔՍ» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը համարվում է Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում ամենահեղինակային և ռազմավարական կարևորագույն միջոցառումներից մեկը։ Այն համախմբում է պաշտպանական արդյունաբերության առաջատար և հեղինակավոր ղեկավարներին, ինչպես նաև տարբեր նորարար տեխնոլոգիական ընկերություններին, տեխնոլոգիական ոլորտի հայտնի փորձագետներին:
1 / 4

Հայկական տաղավարը «ԱՅԴԵՔՍ 2023» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսում

2 / 4

Հայկական տաղավարը «ԱՅԴԵՔՍ 2023» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսում

3 / 4

Հայկական տաղավարը «ԱՅԴԵՔՍ 2023» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսում

4 / 4

Հայկական տաղավարը «ԱՅԴԵՔՍ 2023» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսում

Միջոցառումը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ, բաղկացած է համաժողովից և ցուցահանդեսից, որոնց նպատակն է ստեղծել հարթակ՝ քննարկելու ոլորտի վերջին զարգացումները, միտումները և նորարարական լուծումները, որոնք կուղեկցվեն ոլորտի լավագույն փորձի և ձեռքբերումների ցուցադրմամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ 2023» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը։ Այնուհետև նախարարը շրջայց է կատարել ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների տաղավարներում: