ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ ապագայում ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող ներդրումների ծավալը կաճի ու կներգրավի տնտեսության առավել բազմազան ոլորտները: Փաշինյանը նման հույս է հայտնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ հանդիպմանը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի աշխատակազմը` հավելելով, որ հանդիպումը կայացել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում։
«Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՎԶԵԲ-ի կողմից մեր երկրում փոքր և միջին բիզնեսի համար ծրագրերի իրականացումը և հավելել, որ ՀՀ կառավարության նպատակն է նոր թափ հաղորդել բիզնես ոլորտի զարգացմանն ու ակտիվացմանը: Օդիլ Ռենո-Բասսոն ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է շարունակել ու ընդլայնել իր օժանդակությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Վարչապետը նշել է, որ ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների՝ բիզնես միջավայրի բարելավման, մասնավոր հատվածի մրցունակության խթանման, կապիտալ շուկաների զարգացման, քաղաքային լուսավորության և այլ ուղղություններով:
Փաշինյանը հանդիպել է Գերմանիայի Տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Միխայիլ Հարմսի հետ
Փաշինյանը հանդիպել է նաև Գերմանիայի Տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Միխայիլ Հարմսի հետ: Քննարկվել են երկկողմ տնտեսական փոխգործակցությանը և բիզնես կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ 2022-ի սեպտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյին։ ՎԶԵԲ նախագահը գոհունակություն էր հայտնել ՀՀ կառավարության հետ փոխգործակցությունից և հավելել, որ իրականացվող համատեղ ծրագրերը շարունակաբար ընդլայնվում են: