Տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ մտքեր են փոխանակել Միրզոյանը և Գյորվալա-Շվարցը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դոնիկա Գյորվալա-Շվարցի հետ
Կոսովոյի արտաքին գործերի նախարարի հետ ՀՀ ԱԳ նախարարը միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարների հարցն է քննարկել նաև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ մտքեր են փոխանակել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դոնիկա Գյորվալա-Շվարցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը` հավելելով, որ հանդիպումը կայացել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։
«Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի հետևանքները»,–ասված է հաղորդագրության մեջ։
Դոնիկա Գյորվալա-Շվարցն անդրադարձել է Արևմտյան Բալկաններում առկա իրավիճակին։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարների շուրջ:
Հավելենք, որ Հայաստանը պաշտոնապես չի ճանաչել Կոսովոյի անկախությունը։
Նշենք, որ Միրզոյանը Մյունխեն է գնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով Գերմանիայում էր։
Մյունխենում նա բազմաթիվ երկկողմ հանդիպումներ է ունեցել։
Երկկողմ հանդիպումներից բացի կայացել է նաև եռակողմ հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: